ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պետության կենսունակությունը և ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործոնները

 Պետության կենսունակությունը և ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործոնները
16.08.2024 | 12:43

Համաձայն ընդունված միջազգային չափանիշների և ՄԱԿ-ի տվյալների՝ աշխարհում կա 195 ինքնիշխան պետություն, որոնցից 193-ը հանդիսանում են ՄԱԿ-ի անդամ, իսկ երկուսը՝ Վատիկանը և Պաղեստինը, ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն։

Միևնույն ժամանակ, աշխարհում ազգերի թիվը, դրա ճշգրիտ հաշվարկման դժվարություններով հանդերձ (կապված սահմանումների և չափանիշների տարբերությունների հետ), կարելի է գնահատել առնվազն 6000 (համենայն դեպս, աշխարհում կան 6-ից 7 հազար տարբեր էթնիկ և լեզվական խմբեր, որոնք առանձին կամ միասին կարող են ձևավորել կամ բնորոշվել որպես ազգ):

Հետևաբար, հարց է առաջանում. Ինչու՞ և ի՞նչ իրավունքով են ազգերը ձեռք բերում կամ նվաճում պետություն ունենալու իրավունքը։

Այս հարցը բնավ սոսկ փիլիսոփայական չէ, այլ բարդ և բազմակողմանի է՝ իր մեջ ներառելով նաև պատմական, քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական և մշակութային գործոններ, միաժամանակ, հանդիսանալով այդ գործոնների բարդ փոխազդեցության արդյունք:

Բնականաբար, բոլոր այս թվարկած գործոններն առանձին վերլուծության ոլորտներ են, որոնց խոր ուսումնասիրության հիման վրա կարելի է որոշակի պատկերացում կազմել պետության ձևավորման պատմական համատեքստի, ինքնորոշման սկզբունքի, քաղաքական նպատակահարմարության, տնտեսական անկախության ու ռեսուրսների հասանելիության, աշխարհաքաղաքական սահմանափակումների և այլ կարևոր ասպեկտների մասին։

Մեր պետության պարագայում, ներկա դրամատիկ ժամանակաշրչջանում, թերևս առաջնային կարևորություն ունի անդրադարձ կատարել պետության կենսունակության և ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործոններին։

Որպեսզի պետությունը կենսունակ լինի, ազգը, ժողովուրդը պետք է ունենա որոշակի որակներ, մասնավորապես․ ա) ինքնապահպանման բնազդ, որն իր անվտանգությունն ու գոյատևումն ապահովելու կարողությունն է, բ) սոցիալական և քաղաքական համախմբվածություն, որն, ըստ էության, պետական ինստիտուտներին աջակցելու ժողովրդի միասնությունն ու պատրաստակամությունն է, և գ) տնտեսական կայունություն, որը գոյության և գոյատևման հնարավորությունն է՝ առանց արտաքին գործոններից կրիտիկական կախվածության:

Ինչ վերաբերում է ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն, ապա, ակնհայտորեն, այն ժողովուրդներն ու ազգերը, որոնք կորցնում են ինքնապահպանման բնազդը և չեն կարողանում արդյունավետորեն դիմակայել ներքին ու արտաքին սպառնալիքներին, ըստ էության, կորցնում են պետությունը պահպանելու ներուժն ու հնարավորությունները: Նման ազգերը հաճախ դառնում են ներքին հակամարտությունների և արտաքին ագրեսիայի զոհեր և, որպես արդյունք, կորցնում են իրական, իսկ շատ դեպքերում նաև՝ փաստացի վերահսկողությունը իրենց տարածքների և ռեսուրսների նկատմամբ։

Այսպիսով, ազգը, որը, պատմական հանգամանքների բերումով, ձեռք է բերել կամ նվաճել է պետականության իրավունք, սակայն պետականության կայացման և պահպանման գործում կորցրել է ներքին և արտաքին կենսունակությունը (մարտահրավերներին դիմակայելու, քաղաքական, սոցիալական և տնտեսական կայունությունը պահպանելու և միջազգային ճանաչումն ու սուբյեկտայնությունը դե ֆակտո պաշտպանելու կարողությունը) դատապարտված է կորցնել պետություն ունենալու իրավունքը, որն իրականում և որևէ պարագայում ինքնաբերաբար երաշխավորված չէ։ Շատ ազգեր մնում են առանց սեփական պետությունների՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և աշխարհաքաղաքական հանգամանքների պատճառով։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 6033

Մեկնաբանություններ